«Հայաստանում գործող վարչախումբը հրաժարվում է երաշխավորել մեր Երկրի՝ ներառյալ Արցախը և Հայության ընդհանրական անվտանգությունը, ու ուղղորդվում է «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» արատավոր բանաձևով ...»
Հերթական կամակատարը նշանակվեց ՀՀ նախագահ, ով փորձելու է անել առավելագույնը Փաշինյանի և վարչախմբի անվերապահ իշխանությունը ապահովելու համար, վերջիններիս գործունեությունն էլ շարունակելու է բերել Հայաստանում ընթացող պարտվողականության քարոզի ուժեղացման, տիրող անկումային տրամադրությունների խորացման և ոխերիմ թշնամիների ու ոխերիմ բարեկամների հակահայ բոլոր պահանջների հնարավոր բավարարման։
Հայկական կողմը ներկայացնող իշխանավորները Հայության թշնամիների հետ հարաբերություններում ստորացուցիչ խաղաղություն են մուրում՝ մեր ազգային և պետական շահերը դարձնելով սակարկման առարկա ու վերածելով մանրադրամի, այդ կերպ լրջորեն սահմանափակելով մեր կենսական հիմնախնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաև նպատակ հետապնդելով ցանկացած միջոցով ապահովել իրենց հետագա պաշտոնավարումը։