Ազգային Օրակարգ Կուսակցության
Հռչակագիր
Արդի ժամանակաշրջանում Հայ ազգը կանգնած է անկախ պետականության վերակերտման,
ազգային պետության և առողջ հասարակության ձևավորման կենսական մարտահրավերների
առջև: Անցյալում ունեցել ենք թե՛ փառահեղ հաղթանակներ և թե՛ ծանր պարտություններ, թե՛
քաղաքակրթական սխրանք և՛ թե օտարի լծի տակ ապրելու անպատվություն։ Մենք, որպես
պետություն և հանրություն, որոնման մեջ ենք՝ կառավարման և կեցության այն սկզբունքների և
ձևերի, որոնցով կապահովվի Հայաստանի և Հայ ազգի լիարժեք կենսագործունեությունը և կայուն
զարգացումը: Այդ որոնումն ընթանում է ներքին ցնցումների և նորացման ճիգերի միջով, ինչի
ականատեսն ենք մենք պարբերաբար լինում։
Դրան զուգահեռ շարունակվում է պայքարը` ապահովելու մեր արտաքին անվտանգությունը և
մեզանից խլված բնական կենսատարածքի ազատագրումը։ Մեզ շրջապատող աշխարհը նույնպես լի
է բուռն զարգացումներով՝ աշխարհաքաղաքական և քաղաքակրթական հակասությունների սրում,
ֆինանսա-տնտեսական անկայունություն, տեխնոլոգիական ճեղքում և համաշխարհայնացում: Այս
իրավիճակը Հայաստանի ու Հայ ազգի համար ստեղծում է լուրջ վտանգներ, բայց և բացում է մեծ
հնարավորություններ:
Այսօր կանգնած լինելով հայոց պատմության վճռորոշ փուլում, վերաիմաստավորելով անցյալը և
հայացքով դեպի ապագան՝ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը և իրավունքը` կերտելու
համայն հայության ազգային պետությունը և այդ միտումով հռչակում ենք
ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Տեսնում ենք Հայաստանը ազատ և կենսունակ, անվտանգ ու ապահով, նորարար և մրցունակ:
Հայաստան և Հայ հանրություն, որի համբավն է բարձրորակությունն ու բարձրակարգությունը
հանրային և մասնավոր կյանքի բոլոր դրսևորումներում:
Հայաստան, որը Հայ ազգի լիարժեք ինքնիրագործման և զարգացման գլխավոր երաշխավորն է,
համայն աշխարհի հայության շահերի կենտրոնն ու պաշտպանը:
Հայաստան, որը պաշտպանն է ազգային կենսատարածքի և ժառանգության ու հետևողական
պահանջատերն է մեր հավաքական իրավունքի։
Հայաստան, որը վերականգնել է համաշխարհային քաղաքակրթական հոլովույթներում իր
ճանաչված դերն ու հռչակը:
Հայաստան, որը Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ ներդաշնակ և արդյունավետ երկխոսության,
մշակութային համադրության կարևոր հանգույց է, որը տալիս է համամարդկային խաղաղ
գոյակցության ու կայուն զարգացման բանաձևեր և լուծումներ:
Տեսնում ենք Հայրենիքը Պետություն դարձած և Պետությունը՝ Հայրենիք, որպես միաձույլ մի
հասկացություն՝ ՀԱՅԱՍՏԱՆ:
ՄԵՐ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Առաքինություն: Առաքինությունն է մեր տեսլականի և առաքելության իրագործման հիմնական
բանալին: Առաքինություն ասելով մենք հասկանում ենք հավատամքի, խոսքի և գործի
միասնություն, պրոֆեսիոնալիզմ ու պատասխանատվություն, բարձրակարգություն և
բարձրարժեքություն ամեն ինչում:
Արարում և զարգացում: Հայության ուղին մշտպես արարելն է, դա մեր ինքնարտահայտման
բարձրագույն ձևն է։ Միայն արարման միջոցով է հնարավոր ապահովել երկրի հարատև
զարգացումը հինգ հիմնական փոխկապակցված ուղղություններով՝ տնտեսական,
բնապահպանական, սոցիալական, հոգևոր և մշակութային: Զարգացումը հարատև է, եթե
յուրաքանչյուր սերունդ հաջորդին ժառանգում է ավելի առողջ և բարեկարգ հայրենիք՝ բնություն,
բնակավայրեր ու ենթակառույցներ, մշակույթ և ավանդույթ, ոգի ու գենոֆոնդ:
Ազատություն և պատասխանատվություն: Արարումը հնարավոր է ազատության լիարժեք
իրագործման ճանապարհով։ Ազատ ապրելու և զարգանալու իրավունքը անպայմանորեն
զուգակցվում է համարժեք պատասխանատվությամբ: Պատերնալիզմը և ամբոխավարությունը
ազատությանը հակոտնյա են և մերժելի: Հասարակական-քաղաքական համակարգի հիմքը Ազատ
մարդն է՝ իր գիտակից և պատասխանատու ընտրությամբ։
Արդարություն և հավասար հնարավորություններ։ Հայաստանում արդարությունը պետք է
երաշխավորված լինի իր բոլոր դրսևորումներով, ներառյալ օրենքի գերիշխանություն, բարձրորակ
արդարադատություն, հանրային բարիքների հավասար մատչելիություն և խելամիտ բաշխում։
Հայաստանում քաղաքացիների համար պետք է ապահովված լինեն նպաստավոր պայմաններ և
հավասար հնարավորություններ՝ ազատ ստեղծարարության ու բարեկեցության համար։
Անվտանգություն։ Հայ ազգի հավաքական կյանքը սեփական երկրում հնարավոր է միայն այն
դեպքում, երբ երաշխավորված է նրա ներքին և արտաքին անվտանգությունը։ Այն պահանջում է
պետության և հասարակության խոր փոխհամաձայնություն, շարունակական աշխատանք ու
անվերապահ նվիրում՝ ստեղծելու և զարգացնելու տարածաշրջանում առավել արդյունավետ
անվտանգության համակարգ, ներառյալ առավել մարտունակ բանակ: Արտաքին անվտանգության
պարագայում հրամայական է նախաձեռնողական քաղաքականության իրականացումը՝ առկա և
հետագա վտանգներին ու սպառնալիքներին արդյունավետ հակազդելու նպատակով։ Ազգային
պետությունը պետք է անի առավելագույնը միջազգային իրավունքի շրջանակում Հայոց
Ցեղասպանությանն ու Հայրենազրկմանը համարժեք փոխհատուցում ստանալու համար և
ապահովելու, որ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը ճանաչվի որպես այդ
ուղղությամբ առաջին և անվերապահ քայլ։
Մշակութային վերափոխում: Քաղաքակրթական զարգացումը հանրությունից մշտապես
պահանջում է ինքնահաղթահարում, մշակութային վերածնունդ և վերափոխում: Մշակույթը մենք
հասկանում ենք իր լայն իմաստով՝ արվեստ և կրթություն, ավանդույթ ու ծես, հաղորդակցության
ձևեր, երկխոսություն և համագործակցություն, տնտեսվարում ու պետական կառավարում,
քաղաքականություն և պատերազմ: Քաղաքակրթական վերելքը կայուն և արգասավոր կարող է
լինել միայն այն դեպքում, երբ հիմնված է բարձր մշակույթ կրող անհատների, հանրության ու
հաստատությունների վրա:
Արդիական և արդյունավետ պետություն: Հայաստանում պետության գործառույթները պետք է
կենտրոնանան ազատության, արդարության և անվտանգության երաշխավորման վրա։
Պետությունը պետք է սոցիալական քաղաքականության միջոցով ապահովի հասարակության
համաչափ զարգացումը, և հնարավոր նվազագույնի հասցնի իր անմիջական ներգրավվածությունը
տնտեսության մեջ։ Պետությունը պետք է առաջնորդի հայության ընդհանրական ազգային
նպատակների ձևակերպման գործընթացը և լայն ազգային համաձայնության հիման վրա ապահովի
դրանց իրացումը։ Ազգային պետությունը պետք է լինի արդիական, նախաձեռնող և արդյունավետ:
ՄԵՆՔ
Այսօր մենք քաղաքական հայտ ենք ներկայացնում, քանի որ ցանկանում ենք հանրությանը
տրամադրել իրական հնարավորություն՝ համատեղ ձևավորելու մեր արդի ազգային օրակարգը և
կերտելու մեր երազած ազգային պետությունը։ Մեզանից յուրաքանչյուրը երկար ճանապարհ է
անցել, ունեցել մասնագիտական հաջողություններ և ձեռք բերել ճանաչելիություն` միաժամանակ իր
կարողությունների զգալի մասը ներդնելով հանրային գործունեության մեջ։ Մեր ջանքերը մշտապես
ի սպաս ենք դրել երկրի զարգացման հիմնական գերակայություններին՝ մասնավորապես
օժանդակելով անվտանգության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, միջազգային
հեղինակության բարձրացմանը, արդիական կրթահամակարգի ձևավորմանը և
հայրենադարձությանը։
Այսօր բարձրացնում ենք մեր ներգրավվածությունը որակապես նոր մակարդակի և պատրաստ ենք
մեր դավանած սկզբունքները, ընդհանրական ազգային մտածելակերպը ու մասնագիտական
ներուժը լիարժեք ի սպաս դնել հանրությանը։ Մենք նախաձեռնում ենք նոր քաղաքական ուժի
ստեղծում և կոչ ենք անում մեր համախոհներին միանալ մեզ` համատեղ ջանքերով ձևավորելու
հանրային վստահություն և քաղաքական իշխանության իրացման միջոցով իրականություն
դարձնելու ազգային պետությանը վերաբերող մեր հավաքական իղձերը։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախումբ
Ավետիք Չալաբյան
Արա Գասպարյան
Արա Հակոբյան
Իգոր Զարգարյան
Հայկ Շեկյան
Վարդան Մարաշլյան