2020թ. սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով թշնամու սանձազերծած և 44 օր տևած լայնամասշտաբ պատերազմական գործողությունների արդյունքում ինչպես Արցախում, այնպես էլ ընդհանուր տարածաշրջանում մինչ այդ գործող ստատուս-քվոն խաթարվեց: Այժմ արդեն տարածաշրջանում ունենք անվտանգային ամբողջությամբ այլ պատկեր, որտեղ հայկական գործոնը կամ ընդհանրապես բացակայում է կամ ներկայացված է խիստ աննշան: Մինչ սեպտեմբերի 27-ը Արցախի Հանրապետությունը ուներ մոտավորապես 12 500 կմ2 տարածք, ինչն էլ ամրագրված էր Արցախի Սահմանադրությամբ: Մինչ այս պատերազմը Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետական հանգույցը հիմնված էր Արցախի հայկական զինված ուժերի վրա, որն էլ հանդիսանում էին տարածաշրջանում ուժերի հարաբերակցության պահպմանման գլխավոր երաշխավորը: Սակայն ինչպես արդեն ասվեց 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված չարաբաստիկ հայտարարությունից հետո ստեղծվեծ բոլորովին այլ պատկեր, որն ամբողջությամբ հակասում է հայկական պետականության և ընդհանրապես բովանդակ հայության շահերին: Արցախի 12 500 կմ2 տարածքից թշնամին, որն այս պատերազմում ներկայացված էր ադրբեջանական, թուրքական և ահաբեկչական զինյալ խմբերի տեսքով, կարողացավ զավթել ավելի քան 10 000 կմ2 –ը՝ այդ թվում Հադրութը և հայոց բերդաքաղաք Շուշին: Մնացած չնչին հատվածը՝ գրեթե 2500կմ2-տարածքը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, անմիջականորեն չռազմակալվեցին ադրբեջանա-թուրքական զինյալ ուժերի կողմից: Ստորագրված վերոհիշյալ հայտարության համաձայն՝ Ստեփանակերտի հայ բնակչության, ինչպես նաև Արցախից մնացած փշրանքները Հայաստանի Հանրապետության հետ կապող Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքի անվտանգությունը պաշտպանելու համար պետք է տեղակայվեին ռուս խաղաղապահներ: Այս ամենով հանդերձ սակայն ԼՂԻՄ-ի որևէ կարգավիճակի մասին խոսք անգամ չկա: Ադրբեջանական կողմը, հանձին Ադրբեջանի նախագահ Ալիևի, շարունակում է համառորեն պնդել, որ չի պատրաստվում քննարկել Արցախի որևէ այլ կարգավիճակի մասին առաջարկ, բացի այն տարբերակից, որ ԼՂԻՄ-ը պետք է ներառվի Ադրբեջանի կազմ իբրև ինքնավար մարզ:
Ալիևը հայտարարել է նաև, որ չի հանդուրժելու Արցախում հայկական զինված ուժերի առկայությունը, իսկ նոյեմբերի 10-ից հետո գերեվարած հայ զինվորականներին հրապարակավ անվանել է ահաբեկչական ուժեր: Նրա այս հայտարարություններից հետո հայկական մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ ադրբեջանցիները արգելում են արձակուրդից վերադարձող կամ հերթափոխի մեկնող հայ զինվորբերի մուտքը Արցախ: Ըստ ադրբեջանական կողմի մեկնաբանության, քանի որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում, ապա ինչ գործ ունեն այնտեղ հայկական զորքերը: Իսկ Արցախյան հիմնախնդրին առնչվող հետագա բանակցությունների մասին Ալիևը խոսել անգամ չի պատրաստվում, քանի որ նա արցախյան հարցը համարում է անցյալ: Այդ մասին նա ևս մեկ անգամ հայտարարեց Մոսկվայում եռակողմ հանդիպման ավարտից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ՝ առանձնակի նշելով, որ Մոսկվան՝ հանձին Պուտինի նույնպես Արցախյան կոնֆլիկտը համարում է լուծված:
Ըստ էության՝ այսօր Արցախի Հանրապետության նախկին տարածքը բաժանված է թուրք-ադրբեջանական և ռուսական ազդեցության գոտիների: Ընդ որում առյուծի բաժինը անցել է թուրք-ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ: Ռուսական կողմը կարողացել է հաստատվել և ամրանալ այն 2500կմ2 տարածքում, որտեղ ձևականորեն դեռ շարունակում է գոյություն ունենալ Արցախի Հանրապետությունը: Սակայն Ստեփանակերտում և հարակից շրջաններում փաստացի իշխանությունը գտնվում է ռուսների ձեռքում: Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ Արցախում Երևանի իշխանությունների ազդեցությունը հավասար է զրոյի: Ասվածի մասին է վկայում նաև այն փաստը, որ Արցախ վերադարձող արցախահայության կամ պարզապես Ստեփանակերտ մեկնողների անձնագրերը ստուգում են ռուս խաղաղապահները տեղադրված հատուկ անցագրային կետերում: Պաշտոնական տվյալներով պատերազմի ավարտից հետո մինչ այսօր ավելի քան 50 000 արցախցի է վերադարձել իր հայրենիք, որոնց անվտանգության միակ հնարավոր երաշխավորները այս պահին հանդիսանում են ռուս խաղաղապահները: Հարցի բոլորովին մյուս կողմն է, թե վերջիններս ինչպես են ապահովում այդ անվտանգությունը: Ըստ էության կարող ենք արձանագրել, որ Արցախ վերադարձած հայերն են, որ համաշխարհային հանրության աչքերում այսպես կոչված լեգիտիմացնում են ռուսական զորքերի առկայությունը Արցախում: Ուստի և ռուսական կողմը առավել քան շահագրգռված պետք է լինի, որ հայության անվտանգության Արցախում որևէ վտանգ չսպառնա: Ռուսների ներկայությունը սակայն Արցախում ամենևին էլ չի բխում թուրք-ադրբեջանական շահերից: Եվ չնայած այն հանգամանքին, որ այս պահին կայացած թուրք-ռուսական հերթական մերձեցման և պայմանավորվածության արդյունքն է Արցախում տիրող իրավիճակը, պարզ է, որ Ադրբեջանի համար այնքան էլ հաճելի չէ, որ ռուսական զորքերը գտնվում են Արցախում, որն ըստ ադրբեջանական կողմի Ադրբեջան է: Ստացվում է, որ ռուսները զորքեր են մտցրել Ադրբեջանի տարածք, հետևաբար ադրբեջանա-թուրքական կողմը հետագայում անելու է ամեն բան ռուսներին Արցախից դուրս վտարելու համար: Ռուսական կողմը իհարկե փորձելու է ամեն հնարավոր ձևով պահպանել թուրքական տանդեմի հետ ձեռք բերված իր պայմանավորվածությունները՝ այդ համատեքստում աշխատելով սպասարկել իր տնտեսական և այլ հետաքրքրությունները բնականաբար առաջին հերթին մեր՝ հայերից ազգային և պետական շահերի հաշվին: Այս մասին են վկայում նաև տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման մասին հայտարարությունները և ձեռք բերված համաձայնությունները թուրքական կողմերի հետ, որտեղ կրկին միակ անտեսվողը հայկական պետական շահն է: Ռուսները այս ձևով ևս փորձում են համադրել իրենց արդեն տնտեսական շահերը թուրքական տանդեմի շահերի հետ՝ այդ կերպ ևս փորձելով շահագրգռել թուրքերին խուսափել իրենց հետ պայմանավորվածությունները խախտելու մտադրություններից և հեռանկարից: Սակայն Հայաստանի հարավով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ ապահովելու մտադրությունը Հայաստանի Հանրապետությունից բացի նաև հղի է լրջագույն վտանգներով ռուսական կողմի համար, քանի որ մեծ է վտանգը, որ նման ծրագրի իրականացումը շատ հավանական է, որ ավարտվելու է Մեղրի և ընդհանրապես Հայաստանի հարավային շրջանների թուրքացումով, ինչից հետո արդեն հասնելու է Հյուսիսային Կովկասի և ընդհանրապես Միջին Ասիայի թուրքական ժողովուրդների հետ միավորվելու պանթուրքական ծրագրի իրականացման փուլը:
Ահա այսպիսին է իրավիճակը Արցախում նոյեմբերի 10-ի կապիտուլացիոն հայտարարությունից հետո, որը կարող է սակայն մի նոր՝ ավելի ահարկու պատերազմի պատճառ հանդիսանալ: