ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

Արա Պապյան. Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեկամյակի առիթով. Ռուսաստանի կողմից կազմակերպված մեծ դավաճանության <br> <br>վերաբերյալ հարցերը մնում են <br> <br> 

 Պատերազմում բանակի հաղթելու շանսերը զգալի նվազում են, եթե այդ բանակի շարքերում դավաճաններ կան: Պետական դավաճանության հայտնի դրվագներից մեկը, որն անհավատալի մանրամասներով ներկայացված է Բրեդ Մելցերի (Brad Meltzer) վերջին գրքում, Ջորջ Վաշինգտոնի մահափորձի դավադրությունն է, որում ներգրավված էին Նյու Յորքի նահանգապետը, Նյու Յորքի քաղաքագլուխը և հենց իր՝ գեներալ Վաշինգտոնի մի քանի թիկնապահները: Անհնար է պատկերացնել, թե ինչ կլիներ Մայրցամաքային Կոնգրեսի գլխավորած պատմական նախաձեռնությունը, եթե դավադիրները հաջողեին:

Գանք 250 տարի դեպի մեզ՝ 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր, երբ Հայաստանը ռազմական մեծ անհաջողության ենթարկվեց: Կովկասում մի փոքրիկ երկիր փորձում էր մաքառել Թուրքիա (Հայաստանի դարավոր թշնամին), նավթով հարուստ Ադրբեջան (որի հետ Հայաստանը 30 տարուց ավելի ներքաշված է աղետաբեր պատերազմի մեջ) և Ռուսաստան (Հայաստանի դե յուրե դաշնակիցը, ով վերջին տարիներին Ադրբեջանին վաճառել է մի քանի միլիարդ դոլարի հարձակողական զենք) դաշինքի դեմ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը թուրք մասնագետների և սիրիացի ջհադիստ վարձկանների աջակցությամբ հարձակվեց հայաբնակ և հայկական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) վրա։ Այն, ինչ տեղի ունեցավ ռազմաճակատում, ճշգրտորեն քննարկվել է Military Review-ում վերջերս հրապարակված հոդվածում: Սակայն, նման փորձագիտական ակնարկները չեն կարողանում պարզաբանել, թե ինչու՞ և ինչպե՞ս, ի՞նչ է տեղի ունեցել տարածաշրջանային և մեծ տերությունների միջանցքներում, որը ռազմաճակատում կարող էր հանգեցնել նման աղետալի և հիմնականում անսպասելի արդյունքի: Քանի դեռ աշխարհաքաղաքական առուծախի ապացույցները բավարար չեն, հաշվի առնելով, որ հակամարտության կողմերից ոչ մեկը, ներառյալ՝ և, հատկապես, Հայաստանի ղեկավարությունը, շահագրգռված չէ բացահայտելու կատարվածի թիկունքում եղած ճշմարտությունը, որի պատճառները կներկայացնենք ստորև, այս հոդվածը, այնուամենայնիվ, մտադիր է լրացնել այդ բաց մնացած էջերից մի քանիսը:

Կարո՞ղ էր Ադրբեջանը հանդգնել լայնամասշտաբ պատերազմ սկսել մի տարածաշրջանում, որտեղ միահյուսվում են այսքան շատ երկրների տնտեսական և քաղաքական շահեր՝ առանց տարածաշրջանային խաղացողների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի, առնվազն լուռ համաձայնության։ Հնարավո՞ր է արդյոք, որ նման մասշտաբի պատերազմի նախապատրաստություններն անակնկալ լինեին Ադրբեջանի հյուսիսային հարևան Ռուսաստանի համար։ Եթե ոչ, ուրեմն արդյոք Ռուսաստանը անբարեխիղճ գտնվեց և նախընտրեց չտեղեկացնե՞լ Հայաստանին մոտալուտ հարձակման մասին կամ բավարար մատակարարե՞ց հայկական բանակին, որպեսզի օգնի դիմադրելու հարձակմանը: Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չդիմեցին միջազգային հանրությանը, հատկապես Վաշինգտոնին ու Փարիզին, Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին՝ խնդրելու օգնել կասեցնելու ադրբեջանաթուրքական ներխուժումը: Կարո՞ղ էր Հայաստանի ղեկավարությունը հարկադրված լինել շարժվելու Ռուսաստանի և Թուրքիայի կողմից մշակված և իրականացված ծրագրով, ինչպես որ տեղի էր ունեցել 100 տարի առաջ՝ 1920-21 թվականներին:

Քանի դեռ այս և շատ այլ հարցեր մնում են անպատասխան, անհրաժեշտ է ուսումնասիրել իրողության հիմքերը, որի շնորհիվ հնարավոր կլինի հաստատել և իրերի պատճառականությունն ու պատասխանատվությունը:

Որո՞ք են այդ հիմքերը, ի՞նչ է տեղի ունեցել:

Հետևյալ դիտարկումները հստակորեն մատնացույց են անում ԼՂՀ-ում հայկական ուժերի դիտավորյալ պարտության ուղղությամբ. հայկական բանակի մոտավորապես երեք քառորդը չի ուղարկվել ադրբեջանական զավթիչների դեմ և 44-օրյա պատերազմի ընթացքում մնացել է զորանոցներում (Հայաստանում): Ռուսաստանցի ռազմական վերլուծաբան Ռուսլան Պուխովի կարծիքով այս պարտության հիմնական պատճառը «Երևանի որոշումն էր՝ չմասնակցել պատերազմին»։ ԼՂՀ պաշտպանության ամբողջ (բացառությամբ հարավի) և Հայաստանի համապատասխան սահմանագծով չի ձեռնարկվել հակահարձակման որևէ քայլ՝ ադրբեջանական բանակը տեղից շարժելու և թշնամու ուշադրությունը իրենց հիմնական (հարավային) ուղղությունից շեղելու համար։

Բացի այդ, չի իրականացվել պահեստազորի մոբիլիզացիա, ավելին, այն կամավորներին, ովքեր իրենց նախաձեռնությամբ հասել են առաջնագիծ՝ օգնելու պաշտպանվող ուժերին, չեն տրամադրվել զինամթերք, համապատասխան հանդերձանք, կապի միջոց և որևէ հրահանգ, թե որ ստորաբաժանումներին միանան: Հաճախ այդ կամավորներին առաջնագիծ տեղափոխում էին բաց մեքենաներով՝ այդպիսով նրանց դարձնելով հեշտ թիրախ Ադրբեջանի թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի բազմաքանակ  տորմիղի համար:

Ոչ մի զինապահեստ, ճանապարհ կամ կամուրջ չի պայթեցվել պատերազմի ժամանակ նահանջող հայկական ուժերի կողմից։

Եվս մի բան, որը կարող է առաջին հայացքից անհեթեթ թվալ: ԼՂՀ հակաօդային պաշտպանության համակարգի մոտ երկու երրորդը (ներառյալ շարժական կայանները) ոչնչացվել է թշնամու ներխուժումից մի քանի ժամվա ընթացքում: Իրադարձությունների շրջադարձային ամենաամոթալի կետը. ռուսական արտադրության Ս-300 «երկիր-երկինք» հրթիռային հսկայական համակարգը ոչնչացվեց պատերազմի չորրորդ օրը՝ հենց Հայաստանում (մյուսը ոչնչացվեց հոկտեմբերի կեսերին): ԼՂՀ-ի և Հայաստանի սեփական հակաօդային պաշտպանության համակարգի մնացած մասը, որը 2016 թվականից ի վեր գտնվում էր ռուս-հայկական համատեղ հրամանատարության ներքո, թույլ է տվել ադրբեջանական ռազմական ինքնաթիռներին և անօդաչուներին վերահսկել ԼՂՀ օդը և նույնիսկ հարձակումներ գործել Հայաստանի վրա։ Իսկ ԼՂՀ-ի վրայով «ոչ թռիչքային գոտի» ստեղծելու և պարտադրելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահներին Վաշինգտոն փոստ-ի առաջարկը հայկական կողմից մերժվեց անմիջապես։

Պատերազմից առաջ և ընթացքում մշտապես լայնածավալ փորձ է արվել խաթարելու հայկական բանակի մարտունակությունը։ Դրա ամենավառ օրինակը 2020-ի մայիսին (պատերազմի մեկնարկից չորս ամիս առաջ) Ռուսաստանից չորս ՍՈՒ-30Մ ռեակտիվ շարժիչով կործանիչների գնումն էր, որոնք առաքվել էին առանց հրթիռների և պատերազմի ժամանակ երբևէ օդ չբարձրացան։

Մի էական հանգամանք ևս, որը ահռելի ազդեցություն ունեցավ 2020 թվականին հակառակորդին դիմակայելու բանակի կարողության վրա. 2016 թվականի ապրիլյան ավերիչ «քառօրյա պատերազմից» անմիջապես հետո Հայաստանի կառավարությունը մերժեց անօդաչու թռչող սարքեր գնելու և զինամթերքի գծով արտադրություն  հիմնելու վերաբերյալ Իսրայելի առաջարկը:

Պատերազմի ընթացքում ադրբեջանական ցամաքային և օդային հարձակմանը հակազդելու համար հայկական բանակին ռազմական օգնություն և սպառազինություն (այդ թվում՝ շարժական «երկիր-երկինք» հրթիռներ) տրամադրելու բազմաթիվ այլ առաջարկներ են մերժվել Երևանի բարձրագույն քաղաքական առաջնորդների կողմից:

Անորակ զենքի գնման և խոշոր չափերի յուրացման մեղադրանքով այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու նրա հանցակից գործընկերոջ, վերջերս իրականացված, ձերբակալությունը այսբերգի միայն վերնամասն է և, անկասկած, նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղելու ավելի խորը դավադրությունից, որը պատերազմի ընթացքում միտված է եղել խաթարելու բանակի մարտունակությունը: Հայկական վերահսկողության տակ եղած տարածքի խորքում գտնվող և միայն մեկ ուղղությամբ մուտքի սալարկված ճանապարհ ունեցող Շուշի բնականից անմատչելի ամրոց-քաղաքի համար մղվող մարտերն այնքան ահավոր սխալ ու անշնորհք են կազմակերպվել, որ անհնար է այլ բացատրություն գտնել, քան պլանավորված հանձնումն է:

Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանական ուժերը հասել են քաղաքի ծայրամաս՝ օգտվելով լեռնային ճանապարհից, որը ծառերից նախօրոք մաքրվել էր (և Ադրբեջանի հետևակի թեթև փոխադրամիջոցների համար դարձվել անցանելի) ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Կամո Աղաջանյանին պատկանող անտառահատման ընկերության կողմից: Կամո Աղաջանյանը, հոր կողմից ադրբեջանցի է, ծնունդով՝ Կամո Քերիմով Աբգար օղլի: Մայրը հայ է, որի Աղաջանյան ազգանունն էլ նա վերցրել է դեռևս 1992 թվականի պատերազմի ժամանակ:

Բացառությամբ պատերազմի վերջին մի քանի օրերի, Երևանի իշխանությունները Հայաստանում և Սփյուռքում հասարակությանը կերակրում էին ստերով, թե իբր իրավիճակը վերահսկվում է, և որ հայկական մարդկային և տարածքային կորուստները նվազագույն են՝ այդպիսով կանխելով պատերազմող բանակի պաշտպանության համար համաժողովրդական զորահավաքը: Դեռ ավելին, տեղեկատվության հոսքը խստորեն վերահսկվում էր, և անհատների կողմից իրավիճակի մասին հանրությանը տեղյակ պահելու ցանկացած փորձ արժանանում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ու իշխանամետ տարրերի հակահարվածին և որակվում որպես «խուճապ գցելով՝ հակառակորդին օգնելու փորձ»։

Ի վերջո, 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրը պարտավորեցնում էր հայկական ուժերին հանձնել դեռևս Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, որոնք գրեթե երկու անգամ ավելի էին, քան այն տարածքները, որոնք պատերազմի ժամանակ փաստացի գրավել էր ադրբեջանական բանակը։

Ներկա եղած դիտորդներն առաջին իսկ օրվանից բարձրաձայնել են անազնիվ խաղի հավանականության մասին: ԼՂՀ-ի «Հելսինկի-92» նախաձեռնության նախագահ Կարեն Օհանջանյանն առաջիններից էր, ով հրապարակավ հայտարարեց, թե պատերազմը պլանավորվել է Ռուսաստանի աջակցությամբ, իսկ կատարումը տեղում ապահովել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Փաստը, որ Ռուսաստանը չուներ ռեալ դրդապատճառներ՝ հարգելու իր իսկ հանձնառությունները որպես Հայաստանի դե յուրե դաշնակից և անվտանգության երաշխավոր, լիովին հաստատված է։ Ավելին, խարխլելով Հայաստանի անվտանգությունը և ստիպելով, որ երկիրը պարտություն կրի՝ նախապես պլանավորված պատերազմի միջոցով Կրեմլը, ամենայն հավանականությամբ, տեսավ գործնական հնարավորություն, գուցեև՝ միակը, իրականացնելու ԼՂՀ-ի խնդրի լուծման իր սեփական՝ «Լավրովի պլանը»։

Ինչպես նշել է Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի (European Council on Foreign Relations) ավագ գիտաշխատող Գուստավ Գրեսսելը (Gustav Gressel). «Ռուսաստանը շատ արդյունավետորեն, դիվանագիտական արծաթե սկուտեղի վրա, հաղթանակը մատուցեց Ադրբեջանին ու Թուրքիային», նույն ճանապարհով ինքն էլ ներխուժեց ԼՂՀ՝ իր «խաղաղապահներին» տեղավորելով այդ կենսական տարածաշրջանում։ Ռուսաստանը, այսպիսով, շատ բան շահեց՝ չկորցնելով ոչինչ։ Ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եղան մի քանի քողարկված հիշատակումներ՝ ԼՂՀ-ում ռուս-թուրքական համատեղ «հաջողված» գործողությունների մասին: Ռուս տխրահռչակ գաղափարախոս և «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինը պակաս նրբանկատ գտնվեց՝ այդ մասին ասելով. «[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինն ու [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևը մեծ դժվարությամբ կառուցեցին մի մոդել, որը Բաքվի համար Ղարաբաղում ունեցավ այսպիսի դրական արդյունք, շատ մեծ դժվարությամբ… Ջանքերն ուղղակի տիտանական էին… մենք օգնեցինք Ադրբեջանին՝ վերադարձնելու Ղարաբաղը… Մենք լիովին կատարել ենք մեր առաջադրանքը, մենք սպասում ենք Ադրբեջանի հաջորդ քայլին։ Հիմա Բաքվի հերթն է»: Իհարկե, Դուգինը նկատի ուներ Ադրբեջանից անչափ ակնկալվող քայլը՝ անդամակցություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը, այսինքն՝ Ռուսաստանի կողմից գլխավորվող ռազմական և տնտեսական դաշինքներին:

Ինչպե՞ս հասանք այս վիճակին:

Զարմանալի չէ, որ Ռուսաստանը կարողացավ ապահովել Հայաստանի կապիտուլյացիան և ԼՂՀ-ն հանձնել ամենաբարձր գին տվողին։ Ի վերջո, Կրեմլը գրեթե միշտ լիակատար վերահսկողություն է ունեցել Հայաստանի վրա՝ խորհրդարանական կուսակցությունների, զինված ուժերի, անվտանգության ծառայությունների, ոստիկանության ու տնտեսության մեծ մասի (առավել ուշագրավ են էներգետիկայի, հեռահաղորդակցության ու հանքարդյունաբերության ոլորտները): Այսպիսի պայմաններում Ռուսաստանից մեծ ջանք չպետք է պահանջվեր իր ուզածը Հայաստանից ստանալու համար։ Բայց գլուխկոտրուկի ամենահետաքրքիր մասն այն է, թե ինչպես է Ռուսաստանը այդ ամենն իրականություն  դարձրել: Վերջերս, վարչապետ Փաշինյանի նախկին գործընկերը բացահայտեց Կրեմլի ու Ռուսաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ մի շարք հանդիպումների փաստը, հանդիպումներ, որոնց ինքն ու այն ժամանակ դեռ ընդդիմադիր ակտիվիստ Փաշինյանը մասնակցել են 2015-ին, Մոսկվայում։ Զրույցի հիմնական թեման եղել է Հայաստանում ղեկավարության փոփոխությունը։ Օպերատիվ աշխատակիցների մեջ եղել է Սերգեյ Նառիշկինը, ով 2016 թվականին դարձավ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (СВР) ղեկավարը։ Շատ հետաքրքիր է, որ Նառիշկինի և ադրբեջանական ծագումով ռուս միլիարդատեր օլիգարխ Գոդ Նիսանովի միջև սերտ անձնական հարաբերությունները վերջերս բացահայտեցին հենց ռուսական անկախ լրատվամիջոցները: Դե իսկ մնացածը պատմություն է, որն ընդգրկում է, թե ինչպես Փաշինյանը 2017 -ին դարձավ պատգամավոր; 2018-ին վարչապետի պաշտոնում «թավշյա հեղափոխությամբ» փոխարինեց Սերժ Սարգսյանին և 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեց հայկական ուժերի կապիտուլյացիան ԼՂՀ-ում:

Ինչպե՞ս երիտասարդ ընդդիմադիր պատգամավորը, ով չուներ մեծ կուսակցություն և կառավարման փորձ, կարողացավ իշխանություն խլել հետխորհրդային հզոր բռնակալ ու Հայաստանի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի ձեռքից, ընդ որում՝ չունենալով որևէ բախում անվտանգության ապարատի հետ, որը նախկինում հայտնի էր ցանկացած քաղաքական այլախոհություն դեռ սաղմնային վիճակում ջախջախելու մեջ: Ի՞նչն է իրականում դրդել Սերժ Սարգսյանին առանց կռվի հրաժարական տալ և իշխանությունը փաստացի հանձնել Փաշինյանին։ Հայաստանում և ԼՂՀ-ում շատերի համար այս հարցերի պատասխանները պարզվեցին 2020 թվականի կապիտուլյացիայից հետո:

ԱՄՆ դիվանագետները Երևանում, որոնց հետ զրուցել ենք «թավշյա հեղափոխությունից» ընդամենը մեկ տարի անց, գիտեն, որ այս ամենի մեջ ինչ-որ բան այն չէ: Նրանք դժգոհում էին, որ գրեթե ոչինչ չի արվում տնտեսությունը բարեփոխելու, երկրի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանից հեռացնելու կամ որևէ այլ կարևոր հարցի մեջ էականորեն ներգրավվելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգների դիվանագետները նաև վրդովված էին Փաշինյանից, որ նա հայկական բանակի փոքրաթիվ խմբին հրամայեց միանալ ռուսներին Սիրիայում, ինչը Սարգսյանի վարչակազմը տարիներ շարունակ հրաժարվում էր անել։

Մի բան կար, որը պարզելու համար ԱՄՆ-ի օպերատիվ աշխատակիցներից կարող է ավելի երկար ժամանակ խլեր, մի բան, որն ամբողջովին շատ լավ քողարկված էր իրականացվել: Դա այն փաստն էր, որ «թավշյա հեղափոխությունը», հավանաբար, ռուսական դավադրություն էր, որը նպատակ ուներ Հայաստանը զրկելու ինքնիշխանության մնացյալ նշույլներից ու ստիպելու շարունակել  «Լավրովի պլանի» իրականացումը՝ ամբողջովին ուշադրությունից դուրս թողնելով ԱՄՆ-ին ու Ֆրանսիային՝ «Մինսկի խմբի» մյուս համանախագահներին։

Բախվելով 2016 թվականի հուլիսյան ապստամբության իրողությանը Երևանի կենտրոնում՝ Պուտինը և նրա ստրատեգները հասկացան, որ Սերժ Սարգսյանը չի կարողանալու իրականացնել այն գործընթացը, որը Պուտին-Սարգսյան-Ալիև եռյակը սկսել էր 2016-ի ապրիլի «քառօրյա պատերազմով», և որոշեցին նրան փոխարինող գտնել։ Կրեմլը վարպետորեն կյանքի կոչեց Հայաստանի ժողովրդի տասնամյակների ձգտումը՝ ազատվել կոռումպացված օլիգարխիկ իշխանությունից և դրեց մեկին, ով համապատասխանում էր բարեփոխողի կերպարին՝ նախորդ ռեժիմների ժամանակ բանտարկված երիտասարդ ընդդիմադիր լրագրողին, ում էլ առաջարկեցին վարչապետի պաշտոնը՝ «Լավրովի պլանի» իրականացման դիմաց: Այսպիսով երկու տարի առաջ, 2018 թվականի հունիսին, «թավշյա հեղափոխության» արդյունքում Փաշինյանը վերահսկողության տակ առավ Հայաստանը՝ առանց իր նախորդի կամ Ռուսաստանի կողմից որևէ դիմադրության։

Ի զարմանս շատերի՝ անցումային շրջանից հետո Ռուսաստանը շարունակեց իր վերահսկողությունը հայկական բանակի և անվտանգության ապարատի վրա՝ Կրեմլի հետ հայտնի կապեր ունեցող գեներալների և չինովնիկների միջոցով, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի: Եվ միայն համակարգի անկարևոր նախարարական պաշտոնները բաժին հասան Փաշինյանի երիտասարդ ու անփորձ ընկերներին:

Սփյուռքը միտումնավոր դուրս թողնվեց կառավարության ձևավորումից, ինչպես որ՝ ընդդիմության առաջնորդները, ովքեր Փաշինյանի հետ տարիներ շարունակ պայքարել էին հին ռեժիմի դեմ և պետք է բերվեին նոր կաբինետ՝ ներառականության և ազգային համախմբման նկատառումներից ելնելով և ինչպես որ առաջարկում էր Վաշինգտոն Փոստը։

Փաշինյանի և Կրեմլի համար, սակայն, այս ընդդիմադիր առաջնորդների հետ կապված գլխավոր խնդիրն այն էր, որ նրանք Ռուսաստանին բարեկամ չէին, հակառակը, հանդես էին գալիս Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների օգտին:

Ռուսական զանգվածային քարոզչամեքենան Փաշինյանին և նրա «երիտթուրքերին» ներկայացնում էր որպես «գլոբալիստներ» և «Ջորջ Սորոսի ճտեր» (կամ ռուսերեն՝ «Սորոսյատա»)։ Սա թերևս շատ հեռու չէր  ճշմարտությունից և ծառայեց իր նպատակին. փոփոխություններ փափագող մարդիկ շտապեցին հավատալ այդ շատ հաջող սարքված կեղծիքին: ԱՄՆ-ի հետախուզության նախկին մի աշխատակից, ով քաջածանոթ է Ռուսաստանին, սա անվանել է «ԿԳԲ-ի  դասագրքային  գործողություն»:

Հայ ժողովուրդը ոչ թե մեկ, այլ երկրորդ անգամ սխալ ընտրություն կատարեց և հիմա թանկ է վճարում։ Ժամանակն է հասկանալ և հետ պահանջել սեփական երկիրը՝ պայքարելով բարձրաստիճան դավաճանական դավադրության դեմ, որը գնալով ավելի է ընդլայնվում: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել Փաշինյանից, քանի դեռ նա երկրի մնացած մասն էլ չի հանձնել թուրք-ադրբեջանական կոնսորցիումին։

 

 

Արա Պապյանը Կանադայում Հայաստանի նախկին դեսպանն է և Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ՝ Հայաստանում արևմտամետ քաղաքական շարժման, որը կողմնակից է, որ Հայաստանը ստանա Միացյալ Նահանգների ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակ:

 

Թարգմանությունն անգլերենից՝  Անահիտ Արփենի

Բնօրինակը. Ara Papian, How Did Armenia Lose Nagorno-Karabakh?

The American Conservative, November 9, 2021.

 

https://www.theamericanconservative.com/articles/how-did-armenia-lose-nagorno-karabakh/

 

Comments
Անցնել դեպի Հայ Ինքնության Քարտի Կայք` մեր նպատակներին ու տեսլականին ծանոթանալու համար
Խնդրում ենք նաեւ բոլոր Հետեւորդներն այս Ցանց-Հարթակում, որպես հիմնական լուսանկար ներբերնել իրական, դեմքը պատկերող լուսանկար